Ներքին առևտուր և մրցակցություն
Ներքին առևտրի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունն ուղղված է արդար և մրցակցային գործարար միջավայրի ձևավորմանը, առևտրի և ծառայությունների ոլորտների զարգացմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Այս ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է քաղաքականություններ և օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նպաստում են ապրանքների և ծառայությունների ազատ շրջանառությանը, տնտեսավարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ապահովմանը և սպառողների նկատմամբ պատասխանատու գործարար վարքագծի ձևավորմանը։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում նախարարության կողմից իրականացվում են ներքին առևտրի և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված ազգային օրենսդրության եվրոպական չափանիշներին համապատասխանեցմանը։
2025 թվականին ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որի արդյունքում ստեղծվել է սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնական և կոնտակտային մարմինը, ներդրվել է «Սպառողի օգնական» (e-Compete) թվային հարթակը, սահմանվել են սպառողների նկատմամբ անարդար առևտրային գործելակերպի արգելքները և ապրանքների միավոր գնի ներկայացման միասնական կանոնները։
2026 թվականին ընդունվել են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցով ամրապնդվել են սպառողների իրավունքների պաշտպանության երաշխիքները, կարգավորվել են հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերը, սահմանվել են մոլորեցնող և համեմատական գովազդի կանոնները, ինչպես նաև հստակեցվել են թվային տարրերով ապրանքների և թվային ծառայությունների նկատմամբ կիրառվող պահանջներն ու սպառողների իրավական պաշտպանության միջոցները։
Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է իրականացնել ոլորտի բարեփոխումները՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից, թափանցիկ և սպառողակենտրոն ներքին առևտրի համակարգ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։