81-40
Արտադրողականության խթանման նպատակային ծրագիր
Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ՝ նպաստելով արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանն ու աշխատանքի արտադրողականության աճին։
Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող՝ ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Ֆինանսավորումը կարող է տրամադրվել հետևյալ նպատակներով՝
• նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում՝ ՀՀ տարածքում օգտագործելու համար,
• կապիտալ շինարարություն՝ մեքենասարքավորումների մոնտաժման և սպասարկման նպատակով՝ ԱԱՀ վճարող կապալառու կազմակերպության ներգրավմամբ, եթե տնտեսավարողը ձեռք է բերել ծրագրով նախատեսված մեքենասարքավորումները,
• բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման ձեռքբերում,
• արտադրողականության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների և փորձագետների ներգրավում,
• Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով կապիտալ շինարարություն՝ ԱԱՀ վճարող կապալառու կազմակերպության ներգրավմամբ։
Ծրագրով նախատեսված հատուկ պայմաններով աջակցություն է տրամադրվում նաև էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների) և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերմանը, եթե դրանք օգտագործվելու են բացառապես արևային կամ ֆոտովոլտային կայաններից կամ արևային պանելներից արտադրված էլեկտրաէներգիայի կուտակման նպատակով։
Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման աջակցությունը վերաբերում է «Զբոսաշրջության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերով սահմանված օբյեկտներին։
*Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում ֆինանսական կազմակերպությունը հայտը՝ կից ներդրումային նախագծով և դրա գնահատման համար հիմք հանդիսացող փաստաթղթերով, ներկայացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե՝ ծրագրի պահանջներին, «Զբոսաշրջության մասին» օրենքով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանության մասնագիտական գնահատման նպատակով։
Կոմիտեն հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է մասնագիտական եզրակացություն։ Հայտի վերաբերյալ որոշումը ֆինանսական կազմակերպությունն ընդունում է՝ հիմք ընդունելով իր կողմից իրականացված ֆինանսատնտեսական գնահատման արդյունքները և կոմիտեի մասնագիտական եզրակացությունը։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տնտեսավարող իրավունք ունի մեկ անգամ ծրագրով գործող մեկ կամ մի քանի վարկային պարտավորությունները մեկ կամ մի քանի ֆինանսական կազմակերպություններից տեղափոխելու այլ ֆինանսական կազմակերպություն՝ վերաֆինանսավորելու։
Մի քանի վարկային պարտավորությունների տեղափոխումն իրականացվում է մեկ միասնական վերաֆինանսավորման գործընթացի շրջանակում։ Այս իրավունքն օգտագործված է համարվում տվյալ գործընթացի շրջանակում վարկային պարտավորություններից առնվազն մեկը տեղափոխելու պահից։
Յուրաքանչյուր տեղափոխվող վարկային պարտավորության մասով սուբսիդավորումը շարունակվում է տեղափոխման օրվա դրությամբ կիրառվող չափով և սուբսիդավորման մնացած ժամկետի սահմաններում՝ առանց սուբսիդավորման չափի ավելացման կամ ընդհանուր ժամկետի երկարաձգման։ Նոր վարկային պայմանագրի գումարը կամ պայմանագրերի գումարների հանրագումարը չի կարող գերազանցել տեղափոխվող վարկային պարտավորությունների մնացորդային մայր գումարը կամ դրանց հանրագումարը։
Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված է սահմանված մինչև 6 ամիս։ Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը սահմանվում է՝
Վարկի դեպքում՝
• ՀՀ դրամով՝ 6%,
• արտարժույթով՝ 4%։
Լիզինգի դեպքում՝
• ՀՀ դրամով՝ 8%,
• արտարժույթով՝ 6%։
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման և արտադրողականության խորհրդատվության համար նշված սուբսիդավորման չափերը նախատեսված են վարկերի դեպքում։
Հայաստանի Հանրապետության մարզերում (բացառությամբ Երևան քաղաքի) հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում սուբսիդավորման չափը սահմանվում է՝
• ՀՀ դրամով՝ 8%,
• արտարժույթով՝ 6%։
Բացառապես արևային էլեկտրաէներգիայի կուտակման նպատակով օգտագործվող էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների) և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման դեպքում սուբսիդավորման չափը սահմանվում է՝
Վարկի դեպքում՝
• ՀՀ դրամով՝ 8%,
• արտարժույթով՝ 6%։
Լիզինգի դեպքում՝
• ՀՀ դրամով՝ 10%,
• արտարժույթով՝ 8%։
Վարկի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է՝
• մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման, ինչպես նաև ծրագրով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման դեպքում՝ մինչև 1,000,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ,
• բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման և արտադրողականության խորհրդատվության դեպքում՝ մինչև 400,000,000 դրամ կամ համարժեք արտարժույթ,
• մեքենասարքավորումների մոնտաժման և սպասարկման նպատակով կապիտալ շինարարության դեպքում՝ ձեռք բերված մեքենասարքավորումների արժեքի մինչև 30%-ը։
Արտարժույթի համարժեքը հաշվարկվում է պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով։
Սահմանաչափերը կիրառվում են մեկ տնտեսավարողի՝ ներառյալ նրա հետ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածով փոխկապակցված համարվող կազմակերպությունների նկատմամբ։ Սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը հաշվարկվում է վարկերի/լիզինգի մնացորդային մայր գումարների հանրագումարով։
Միևնույն շահառուն կարող է օգտվել ծրագրով նախատեսված ֆինանսավորման բոլոր ուղղություններից՝ ծրագրով սահմանված ընդհանուր առավելագույն սահմանաչափի պահպանմամբ։
Ժամկետները՝
• վարկի/լիզինգի պայմանագիր՝ մինչև 120 ամիս,
• սուբսիդավորում՝ մինչև 42 ամիս,
• հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 36 ամիս,
• էլեկտրական կուտակիչների (ակումուլյատորների) և դրանց բաղկացուցիչ մասերի վարկի/լիզինգի դեպքում՝ մինչև 84 ամիս։
Ծրագրի առանձնահատկությունները․
1. Փոխկապակցված կազմակերպությունների խմբի դեպքում, եթե խմբի մեջ ներառված տնտեսավարողն օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում կատարել է 200 մլն դրամ և ավելի ներդրում, խմբի մեջ ներառված տնտեսավարողների համար սահմանվում է հավելյալ արտոնություն։
Յուրաքանչյուր տնտեսավարողի յուրաքանչյուր վարկի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված յուրաքանչյուր ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ՝ խմբի մեջ ներառված տնտեսավարողներին ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի հանրագումարով։ Արտարժույթով վարկավորման մասնաբաժինը չի կարող գերազանցել 5 մլրդ դրամին համարժեք գումարը։
Նշված արտոնությունը չի տարածվում D «Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում» և F «Շինարարություն» ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների վրա։
Սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում։ Արտոնությունից օգտվելու համար ներկայացվում են կապիտալի համալրումը հավաստող փաստաթղթեր, իսկ ծրագրով սահմանված ժամանակահատվածում՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ և արտաքին աուդիտի եզրակացություն։
2. Հարկման ընդհանուր համակարգում գործող տնտեսավարողները, որոնք վարկ են ներգրավում բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման և (կամ) արտադրողականության խորհրդատվության նպատակով, կարող են ստանալ հավելյալ աջակցություն, եթե՝
• վարկի ներգրավմանը հաջորդող երկու ֆինանսական տարիներից որևէ մեկում համախառն տարեկան արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճեն առնվազն 20%-ով։ Աճի հաշվարկում ներառվում են միայն այն երկրները, որոնք 2023 թվականի պաշտոնական վիճակագրական տվյալներով ՀՀ արտահանման կառուցվածքում ունեն մինչև 10%՝ ներառյալ, տեսակարար կշիռ,
• կազմակերպությունը համապատասխանի ISO 9001, իսկ բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման ներդրման դեպքում՝ նաև ISO 27001 միջազգային ստանդարտներին։
Սահմանված պայմանների բավարարման դեպքում, բացի վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումից, փոխհատուցվում է նաև պայմանները բավարարելուն հաջորդող ամսվա 1-ի դրությամբ վարկի մնացորդային գումարի 50%-ը՝ համապատասխանությունը հավաստող տեղեկատվությունը ներկայացնելուց և ստուգելուց հետո։
Հավելյալ փոխհատուցմանը նախորդող տարվա ֆինանսական հաշվետվությունները պետք է ուղեկցվեն տարեկան 400 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ։
Ներգրավվող փորձագետը կամ խորհրդատվական կազմակերպությունը պետք է համապատասխանի ծրագրով սահմանված պահանջներին։ Փորձագետը պետք է նախկինում իրականացրած լինի նմանատիպ խորհրդատվություն ծրագրում թվարկված միջազգային վարկանիշների կամ ինդեքսների մաս կազմող ընկերությունների համար՝ առնվազն 50 մլն դրամ պայմանագրային արժեքով, իսկ խորհրդատվական կազմակերպության՝ ծրագրին մասնակցելուն նախորդող տարվա շրջանառությունը պետք է լինի առնվազն 1 մլրդ դրամ։
3. Ծրագրով ձեռք բերված մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում պետք է օգտագործվեն բացառապես ֆինանսավորման հայտում նշված տնտեսական գործունեության տեսակի և ծրագրով նախատեսված նպատակի շրջանակներում։ Տնտեսավարողը պարտավոր է այդ գործունեությունը փաստացի իրականացնել սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում։
Մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը չեն կարող օտարվել, հանձնվել վարձակալության կամ այլ կերպ փոխանցվել երրորդ անձանց տիրապետմանը կամ օգտագործմանը՝ բացառությամբ՝
• ծրագրով նախատեսված լիզինգի շրջանակում լիզինգատուի կողմից լիզինգի առարկան լիզինգառուի տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնելու,
• N77 «Վարձույթ և լիզինգ» գործունեություն իրականացնող տնտեսավարողի կողմից իր հիմնական գործունեության շրջանակում վարձակալության կամ լիզինգի տրամադրելու դեպքերի։
4. Մեքենասարքավորումների և արևային էներգետիկայի սարքավորումների նկատմամբ պահանջները՝ Ծրագրի իմաստով մեքենասարքավորումներ են համարվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84–94 խմբերում ներառված ապրանքները՝ բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711–8715 և 9004 ծածկագրերի, ինչպես նաև 91–92 խմբերի։
Բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են չներառվել նշված խմբերում, եթե արտադրողի տեխնիկական փաստաթղթերով՝ անձնագրով կամ կոմպլեկտացիայի ցանկով, դրանք նախատեսված են տվյալ մեքենասարքավորման հավաքակցման, գործարկման կամ բնականոն շահագործման համար։
Ծրագրով չեն ֆինանսավորվում արևային կամ ֆոտովոլտային կայանների կառուցման, վերակառուցման, արդիականացման, ընդլայնման կամ հզորության ավելացման համար ձեռք բերվող, այդ կայանների կազմի մեջ մտնող կամ դրանց տեխնոլոգիական գործընթացն ապահովող մեքենասարքավորումները և բաղկացուցիչ մասերը, այդ թվում՝ արևային պանելները, ինվերտորները, փոխակերպիչները, կառավարման, բաշխման, պաշտպանական և հաշվառման սարքավորումները, մալուխներն ու ամրակցման համակարգերը՝ անկախ դրանց ԱՏԳ ԱԱ ծածկագրից և առանձին կամ միասնական համակարգի կազմում ձեռք բերվելու հանգամանքից։
Էլեկտրական կուտակիչների համար նախատեսված հատուկ պայմանները կիրառվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8507 ապրանքային դիրքում ներառված կուտակիչների և ծրագրի պահանջներին համապատասխանող դրանց բաղկացուցիչ մասերի նկատմամբ՝ բացառապես արևային էլեկտրաէներգիայի կուտակման նպատակով օգտագործելու պայմանով։
Ովքե՞ր կարող են դիմել
ՀՀ տարածքում գրանցված և գործունեություն իրականացնող առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ ծրագրով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։
Միջոցառման թիրախներն են հետևյալ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները․
• C (ՍԻ) «Մշակող արդյունաբերություն»,
• B (ԲԻ) «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում»,
• D (ԴԻ) «Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում»,
• E (Ի) 38.2–38.3 «Թափոնների մշակում և ոչնչացում, նյութերի վերականգնում»,
• J (ՋԵՅ) «Տեղեկատվություն և կապ»,
• F (ԷՖ) «Շինարարություն»,
• G 45.2 (ՋԻ) «Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում»,
• H (ԷՅՋ) «Փոխադրում և պահեստային տնտեսություն»,
• I 55 (ԱՅ) «Կացության կազմակերպում»՝ բացառությամբ Երևան քաղաքի վարչական սահմաններում կացության կազմակերպման գործունեություն իրականացնող տնտեսավարողների,
• M (ԷՄ) «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն»,
• N77 (ԷՆ) «Վարձույթ և լիզինգ»,
• P (ՓԻ) «Կրթություն»,
• Q (ՔՅՈՒ) «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում»,
• R (ԱՌ) 90 «Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն»։
Դիմելու կարգ
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել գործընկեր ֆինանսական կազմակերպություն։
• Ֆինանսական կազմակերպությունն իր ընթացակարգերին համապատասխան գնահատում է հայտը և ձևակերպում ծրագրի պայմաններին համապատասխան նպատակային վարկը կամ լիզինգը։
• Հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցման կամ վերակառուցման վարկերի դեպքում հայտը ներկայացվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե՝ մասնագիտական գնահատման։
• ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսական կազմակերպության ներկայացրած հայտի ստուգումից հետո իրականացվում է տոկոսադրույքի սուբսիդավորում։
Ծրագրին մասնակցության պարտադիր պայման է նաև տնտեսավարողի գրավոր թույլտվության տրամադրումը՝ օրենքով սահմանված կարգով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը փոխանցելու համար։ Համապատասխան պայմանն ամրագրվում է տնտեսավարողի և ֆինանսական կազմակերպության միջև կնքվող պայմանագրում։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տրամադրում է ֆինանսական կազմակերպությունը՝ հաշվի առնելով ֆինանսավորման նպատակը և ծրագրի պահանջները։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշում
Էլ․ հասցե՝ modernization@mineconomy.am
ՀՀ ԷՆ Ձեռներեցության վարչություն՝ հեռ. (+37411) 597-118
81-40