Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր

Հայտարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ՀՀ կառավարության՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի 1620-Լ որոշմամբ հաստատված «63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի» շրջանակում ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին․ Հայտերն ընդունվում են 2026 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների ցանկը, դասընթացների անցկացման վայրերի, հստակ ժամկետների և մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկությունները հայտեր ներկայացրած անձանց կտրամադրվեն լրացուցիչ։

 

Ծրագրի նպատակն է խթանել 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիների տնտեսական ակտիվությունը՝ ստեղծելով տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն սկսելու, վերականգնելու, ընդլայնելու կամ շարունակելու հնարավորություններ։ Այն ուղղված է քաղաքացիների մասնագիտական փորձը, գիտելիքները, կարողություններն ու համայնքային կապերը կայուն գործունեության և եկամտի աղբյուրի վերածելուն։

Ծրագիրը ներառում է ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուսուցում և գործարար ծրագրի իրականացման համար միանվագ ֆինանսական աջակցություն՝ մասնակից բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով։

• Մեկ շահառուի աջակցության առավելագույն չափը՝ մինչև 2,000,000 դրամ։

• Ուսուցման նախատեսվող ընդգրկումը՝ առնվազն 400 քաղաքացի։

• Ֆինանսական աջակցություն՝ առավելագույնը 200 շահառուի համար։

• Աջակցության ընդհանուր նախատեսվող առավելագույն ծավալը՝ 400 մլն դրամ։

Ֆինանսավորումն իրականացվում է 2027 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում՝ 2026 թվականին ներկայացված դիմումների հիման վրա ընտրված շահառուների համար։ Կրթական բաղադրիչն իրականացվում է միջազգային գործընկերների կամ դոնոր կազմակերպությունների ֆինանսական և (կամ) կազմակերպչական աջակցությամբ։

Ø  Կրթական բաղադրիչ

Կրթական ծրագիրը ներառում է առնվազն 20 ակադեմիական ժամ ուսուցում՝ բիզնես գաղափարի մշակման և գնահատման, գործարար ծրագրի պատրաստման, ֆինանսական պլանավորման, շուկայի ու հաճախորդների վերլուծության, վաճառքի և մարքեթինգի թեմաներով։ Մասնակիցը ուսուցման ընթացքում մշակում է իր գործարար ծրագիրը։

Ավարտական գնահատման արդյունքում առնվազն 60 տոկոս արդյունք արձանագրած մասնակիցները ստանում են հավաստագիր՝ տրամադրման օրվանից 12 ամիս վավերականությամբ։

Կրթական հայտ ներկայացնելը, ուսուցմանը մասնակցելը կամ հավաստագիր ստանալը չեն երաշխավորում ֆինանսական աջակցության տրամադրումը։ Ֆինանսավորման համար անհրաժեշտ է առանձին դիմել մասնակից ֆինանսական կազմակերպությանը և բավարարել Ծրագրի պահանջները։

Ø  Ովքեր կարող են դիմել

Ֆինանսական աջակցության համար կարող են դիմել 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն Ծրագրի պահանջներին համապատասխանող հավաստագիր և կրթական ծրագրի շրջանակում մշակված գործարար ծրագիր, ինչպես նաև՝

• հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձի հիմնադիր կամ գործադիր մարմնի ղեկավար են և այդ իրավաբանական անձի միջոցով իրականացնում են տնտեսական գործունեություն, կամ

• դեռ չունեն նշված կարգավիճակներից որևէ մեկը, սակայն ընտրվելու դեպքում պարտավորվում են համապատասխան կարգավիճակն ապահովել մինչև աջակցության տրամադրման պայմանագրի կնքումը։

Ø  Գործող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի նկատմամբ Ծրագրի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված են հետևյալ պահանջներ՝

• հայտը ներկայացնելուն նախորդող 365 օրվա ընթացքում նրա նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չլինի,

• հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ,

• ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ընթացքում ունեցած չլինի հանրագումարային 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։

Կենսաթոշակ ստանալը և վարձու աշխատող չհանդիսանալը նախապատվության պայմաններ են, ոչ բոլոր դիմողների համար մասնակցության պարտադիր պահանջներ։

Ø  Առաջնահերթություններ

Մասնակցության և ֆինանսավորման հերթականությունը ձևավորվում է հետևյալ առաջնահերթությամբ՝

1. Սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներ։

2. Լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիներ։

3. Նախորդ խմբերում չընդգրկված գյուղական համայնքներում բնակվող քաղաքացիներ։

4. Քաղաքային համայնքներում բնակվող և նախորդ խմբերում չընդգրկված այլ քաղաքացիներ։

*Միևնույն խմբում նախապատվությունը տրվում է կրթական հայտը ներկայացնելու օրվա դրությամբ կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող դիմողներին, իսկ հավասար պայմաններում՝ դիմումն ավելի վաղ ամբողջական ներկայացրած անձանց։ Հերթականությունը միասնական է բոլոր մասնակից ֆինանսական կազմակերպությունների համար։

Յուրաքանչյուր շահառու աջակցություն կարող է ստանալ մեկ անգամ՝ մեկ ֆինանսական կազմակերպության միջոցով։ Միևնույն բիզնես նախաձեռնության համար փոխկապակցված անձանց կամ նույն իրավաբանական անձի մի քանի հիմնադիրների ու ղեկավարի առանձին դիմումների դեպքում շահառու կարող է ընտրվել նրանցից միայն մեկը։

Ø  Դիմելու կարգ

1. Կրթական ծրագրին մասնակցության հայտը ներկայացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ Ծրագրի Ձև N 1-ով։ Հայտերի ընդունման ժամկետները, եղանակը և ուսուցման կազմակերպման տվյալները հրապարակվում են նախարարության հայտարարությամբ։

2. Նախարարությունը ստացված հայտերի հիման վրա ձևավորված անվանացանկերը փոխանցում է կրթական կազմակերպություններին և դիմողներին տեղեկացնում ուսուցման վայրի, ժամկետների ու պայմանների մասին։

3. Ուսուցումն ավարտելուց և հավաստագիր ստանալուց հետո դիմողը ֆինանսական աջակցության դիմումն ու փաստաթղթերը ներկայացնում է մասնակից՝ իր ընտրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։ Մասնակից կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության կայքում։

4. Ֆինանսական կազմակերպությունը ստուգում է փաստաթղթերն ու համապատասխանությունը Ծրագրին և գնահատում գործարար ծրագրի ծախսերի հիմնավորվածությունը, եկամուտների ու ծախսերի կանխատեսումների իրատեսականությունը և գործունեության շարունակականության հնարավորությունը։

5. Դրական գնահատված դիմումների հիման վրա նախարարությունը հաստատում է ֆինանսավորման ենթակա շահառուների ցանկը՝ առաջնահերթությունների, միասնական հերթականության և բյուջետային միջոցների հաշվառմամբ։ Ընտրված շահառուն ֆինանսական կազմակերպության հետ կնքում է աջակցության պայմանագիր։

Ծրագրին համապատասխանող, սակայն միջոցների անբավարարության պատճառով չֆինանսավորված դիմումները ներառվում են պահուստային ցանկում։ Թերություններ հայտնաբերելու դեպքում տրամադրվում է շտկման ժամկետ։ Պահանջներին չհամապատասխանելու, կեղծ տվյալների, չշտկված թերությունների կամ գործարար ծրագրի բացասական գնահատման դեպքում դիմումը մերժվում է՝ դիմողին հայտնելով հիմքերը։

Ø  Անհրաժեշտ փաստաթղթեր

1.     Կրթական ծրագրին մասնակցելու համար՝

• լրացված և ստորագրված հայտ՝  Ձև N 1-ը,

• անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

2.    Ֆինանսական աջակցության դիմումին կից՝

• անձը հաստատող փաստաթղթի պատճեն, կրթական հավաստագիր և ուսուցման ընթացքում մշակված գործարար ծրագիր,

• գործունեության վայրի հասցե և համառոտ նկարագիր՝ տարածքի տեսակի, օգտագործման առկա կամ նախատեսվող հիմքի ու անհրաժեշտ պայմանների վերաբերյալ,

• գործարար ծրագիրը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր՝ առկայության դեպքում։

Գործարար ծրագիրը ներառում է աջակցության օգտագործման հիմնավորումն ու արդյունքները, գործունեության, շուկայի ու հաճախորդների, դիմողի փորձի նկարագրությունը, ծախսերի նախահաշիվը, եկամուտների ու ծախսերի նախնական գնահատականը և գործունեության վայրը։

Ø  Աջակցության նպատակային ուղղությունները

• Սարքավորումներ, գործիքներ, արտադրական հոսքագծեր, հաստոցներ, տեխնիկա և այլ անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ։

• Հումք, արտադրական նյութեր և այլ շրջանառու միջոցներ։

• Գործունեության տարածքի վարձակալություն, բարեկարգում, հարմարեցում և տեխնիկական ապահովում։

• Փաթեթավորում, բրենդավորում, մարքեթինգային նյութեր և վաճառքի խթանում։

• Թվային գործիքներ՝ առցանց վաճառքի, հաշվառման և գործունեության կազմակերպման համար։

• Գործող բիզնեսի շարունակականության, արդիականացման կամ զարգացման՝ գործարար ծրագրի հետ անմիջականորեն կապված այլ հիմնավորված ծախսեր։

Առանձին նախատեսված են նաև ավտոմեքենաների սպասարկման ու նորոգման, կացության ծառայությունների, սառնարանային ու ջերմատնային տնտեսությունների, այգեհիմնման, անասնապահության, գյուղմթերքի վերամշակման, սպորտային, մշակութային, ստեղծագործական, ժամանցային և հանդիսությունների կազմակերպման գործունեության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերումները։

Ø  Աջակցության օգտագործման պայմանները

• Վճարումներն անկանխիկ են՝ անմիջապես մատակարարի, աշխատանք կատարողի կամ ծառայություն մատուցողի հաշվին։ Պայմանագրից առաջ կատարված ծախսերը չեն ֆինանսավորվում։

• Գործողություններն ավարտվում են ամբողջ գումարը հատուկ հաշվին հաշվառելու օրվանից 60 օրում, իսկ Ծրագրով նախատեսված հիմնավորված դեպքերում և ֆինանսական կազմակերպության համաձայնությամբ՝ մինչև 120 օրում։

• Գործունեությունն իրականացվում է առնվազն 12 ամիս՝ ամբողջ գումարը հատուկ հաշվին հաշվառելու օրվանից։ Այդ ընթացքում աջակցությամբ ձեռք բերված գույքը չի կարող օտարվել, վարձակալության հանձնվել, փոխանցվել երրորդ անձանց կամ գրավադրվել։

• 12 ամիսը լրանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է վերջնական հաշվետվություն՝ Ձև N 2-ով և ծախսերը հիմնավորող փաստաթղթերով։

Աջակցությամբ չեն ֆինանսավորվում աշխատավարձերը, անշարժ գույքը, անձնական օգտագործման տրանսպորտը, վարկերի մայր գումարն ու տոկոսները, տույժերը, տուգանքները, հարկային պարտավորությունները կամ անձնական սպառման ծախսերը։ Սահմանափակումը չի տարածվում սեփական միջոցներով կամ լրացուցիչ վարկով կամ լիզինգով ֆինանսավորվող՝ հաստատված գործարար ծրագրի ընդունելի ծախսերի վրա։

Աջակցության տրամադրման ընթացքում միջնորդավճարներ կամ այլ վճարներ չեն կիրառվում։ Գործարար ծրագրի արժեքը կարող է գերազանցել աջակցությունը՝ սեփական միջոցների կամ կամավոր տրամադրվող վարկի կամ լիզինգի հաշվին։ Պետությունը չի երաշխավորում լրացուցիչ վարկի կամ լիզինգի վերադարձը։

Ոչ նպատակային օգտագործման, կեղծ տվյալների կամ պարտավորությունների խախտման դեպքում աջակցությունը ենթակա է ամբողջական կամ մասնակի վերադարձման։ Իրականացվում են փաստաթղթային ուսումնասիրություններ և Ծրագրով նախատեսված դեպքերում՝ տեղայցեր։

Կրթական ծրագրի հայտերի ընդունում՝ 2026 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։

 Խորհրդատվություն և օգտակար հղումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության քարտուղարություն՝ secretariat@mineconomy.am
Ձեռներեցության վարչություն՝
☎ 011 597-118, 011 597-122