Հայաստանի Հանրապետությունը վարում է բաց և մրցունակ ներդրումային քաղաքականություն՝ նպատակ ունենալով ձևավորել կանխատեսելի, թափանցիկ և ներդրողների համար բարենպաստ գործարար միջավայր։ Օտարերկրյա և տեղական ներդրողները Հայաստանի օրենսդրությամբ օգտվում են հավասար իրավունքներից, իսկ տնտեսության ոլորտների մեծամասնությունում ներդրումների համար էական սահմանափակումներ չկան։
Վերջին տարիներին կառավարությունը շարունակաբար իրականացնում է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներ՝ պարզեցնելով վարչարարությունը, բարձրացնելով կառավարման թափանցիկությունը և ամրապնդելով ֆինանսական համակարգի կայունությունը։
2023 թվականին հաստատվել է Ներդրումների ներգրավման ծրագիրը, որը ներառում է ներդրումային քաղաքականության, ներդրումային արտոնությունների և ինստիտուցիոնալ զարգացման ուղղություններով իրականացվող միջոցառումներ։
2024 թվականին ստեղծվել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով, որը նպաստում է ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող խնդիրների արագ և համակարգված լուծմանը։
2025 թվականին մշակվել և հրապարակվել է Ներդրողներին ուղղված ներդրումային քաղաքականության ամփոփագիրը (Investment Policy Statement), որը ներկայացնում է Հայաստանի ներդրումային տեսլականը, առաջնահերթ ոլորտները և օտարերկրյա ներդրողներին ուղղված հիմնական ուղերձները։
2026 թվականի հունիսի 18-ին ընդունվել է նոր «Ներդրումների մասին» օրենքը, որը ներդրումային ոլորտի կարգավորումները տարածում է ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների վրա։ Օրենքը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա և ամրապնդում է Հայաստանի բաց դռների ներդրումային քաղաքականությունը՝ ապահովելով հավասար, կանխատեսելի և մրցունակ պայմաններ բոլոր ներդրողների համար։
Հայաստանը ստորագրել է Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրեր 42 երկրների հետ, որը կրում է շարունակական բնույթ՝ ապահովելով ներդրողների իրավունքների լրացուցիչ միջազգային պաշտպանություն և նպաստելով երկարաժամկետ ներդրումային համագործակցությանը։