Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գիտելիքահենք տնտեսություն

Գիտելիքահենք տնտեսության ձևավորումը և զարգացումը Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններից են։ Գիտելիքահենք տնտեսությունը հիմնված է գիտելիքի, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության արդյունավետ կիրառման վրա՝ որպես տնտեսական աճի, մրցունակության և կայուն զարգացման հիմնական շարժիչ ուժերի։ Դրա նպատակն է գիտելիքի ստեղծումը, տարածումը և տնտեսական արժեքի վերածումը՝ նպաստելով արտադրողականության բարձրացմանը, տնտեսության տեխնոլոգիական արդիականացմանը, բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերի զարգացմանը, արտահանման ներուժի ընդլայնմանը և Հայաստանի միջազգային մրցունակության ամրապնդմանը։

Գիտելիքահենք տնտեսության հիմնական հենասյուներն են մարդկային կապիտալի շարունակական զարգացումը, հետազոտությունների և մշակումների (R&D) խթանումը, նորարարական և թվային ենթակառուցվածքների զարգացումը, գիտություն–կրթություն–բիզնես համագործակցության ամրապնդումը, տեխնոլոգիաների փոխանցումն ու առևտրայնացումը, մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաև գիտատար և տեխնոլոգիական ձեռնարկատիրության խրախուսումը։ Այս բաղադրիչների փոխկապակցված զարգացումը նպաստում է նորարարական էկոհամակարգի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը և տնտեսության դիմակայունության բարձրացմանը։

Գիտելիքահենք տնտեսության վարչությունը մշակում և իրականացնում է պետական քաղաքականություն գիտելիքահենք տնտեսության, նորարարության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներում՝ նպաստելով գիտելիքի, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված մրցունակ և կայուն տնտեսության ձևավորմանը։ Վարչության գործունեությունն ուղղված է գիտահետազոտական գործունեության արդյունքների գործնական կիրառման խթանմանը, գիտության, կրթության և մասնավոր հատվածի համագործակցության զարգացմանը, տեխնոլոգիաների փոխանցման և առևտրայնացման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը, ինչպես նաև մտավոր սեփականության համակարգի կատարելագործմանն ու դրա արդյունավետ կառավարմանը։

Միաժամանակ Գիտելիքահենք տնտեսության վարչությունը համակարգում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մատուցվող ծառայությունների և տեղեկատվական համակարգերի թվային վերափոխման, արդիականացման և զարգացման աշխատանքները։ Այդ շրջանակում իրականացվում են պետական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության ապահովման, տվյալների անվտանգ և արդյունավետ փոխանակման, բիզնես գործընթացների թվայնացման, ինչպես նաև քաղաքացիներին և տնտեսավարողներին տրամադրվող էլեկտրոնային ծառայությունների մատչելիության, որակի և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Հայաստանի Հանրապետության առաջընթացը նորարարության և գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ արտացոլվում է նաև միջազգային գնահատականներում։ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից հրապարակվող 2025 թվականի «Գլոբալ ինովացիոն ինդեքսի» համաձայն՝ Հայաստանը 139 տնտեսությունների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը չորս հորիզոնականով։ Միաժամանակ, Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը միջինից բարձր եկամուտ ունեցող 36 երկրների և 9-րդ տեղը Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի 18 տնտեսությունների շարքում, ինչը վկայում է երկրի նորարարական ներուժի և գիտելիքահենք տնտեսության զարգացման շարունակական առաջընթացի մասին։