Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Արտահանման խթանում

Արտահանման խթանումն ուղղված է Հայաստանի Հանրապետության տնտեսության արտահանելի ներուժի իրացմանն ու ընդլայնմանը, թիրախային շուկաներ տեղական ապրանքների և ծառայությունների դիրքավորմանն ու մուտքի ապահովմանը, արտահանման աշխարհագրության դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև միջազգային առևտրային հարթակներում տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանն ու արտաքին գործընկերների հետ B2B համագործակցության խորացմանը:
Ոլորտի համակարգված զարգացումն ապահովելու նպատակով բաժնի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1068-Լ որոշմամբ: 
Սահմանված ռազմավարական նպատակների իրականացման համար բաժնի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերն ուղղված են․

  • Ցուցահանդեսների մասնակցությանը և կազմակերպմանը՝ Հայաստանում և օտարերկրյա պետություններում միջազգային ցուցահանդեսների կազմակերպմանն ու տեղական ընկերությունների մասնակցության աջակցմանը (միասնական ազգային տաղավարներով),
  • Գործարար համաժողովներին և B2B հանդիպումներին՝ Հայաստանում և արտերկրում գործարար համաժողովների, ֆորումների, B2B հանդիպումների, շնորհանդեսների և համանման այլ միջոցառումների կազմակերպմանն ու մասնակցության աջակցմանը,
  • PR և ճանաչելիության բարձրացմանը՝ արտաքին շուկաներում հայկական արտադրանքի և ծառայությունների ճանաչելիության բարձրացմանը, հանրայնացմանն ու սպառողական դրական կարծիքի ձևավորմանը:

Ծրագրերի իրականացումն ուղղված է տեղական արտադրանքի առաջմղմանը, օտարերկրյա դիստրիբյուտորների ու պոտենցիալ գնորդների ներգրավմանը, արտահանման ծավալների աճին և արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը: