Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գյուղատնտեսության և պարենի ղեկավար Հոլգեր Կրեյին
հոկտեմբեր 06, 2026
ՀՀ էկոնոմիկայի Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում գյուղատնտեսության և պարենի ղեկավար Հոլգեր Կրեյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են ագրոպարենային ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքն ու հետագա ընդլայնման հեռանկարները:
Նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրել է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախանշված տնտեսական զարգացման առաջնահերթություններն ու դրանց իրականացման հիմնական ուղղությունները։
Արման Խոջոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, մրցունակ և բարձրարժեք ապրանքների արտադրության, ինչպես նաև տեխնոլոգիապես հագեցած և ժամանակակից գյուղատնտեսական համակարգի ձևավորման քաղաքականություն։
Երկկողմ կարևորվել է «խելացի», կլիմայակայուն գյուղատնտեսության զարգացումը, հողային ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ինչպես նաև պարենային համակարգերի հզորացումը։
Իր հերթին Հոլգեր Կրեյը վերահաստատել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական բարեփոխումներին: Նա բարձր է գնահատել իրականացվող աշխատանքների դինամիկան և ընդգծել ագրոպարենային արժեշղթաների հզորացման ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման կարևորությունը: