Նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը մասնակցել է «Ազատություն 250. ընդհանուր արժեքներ և հնարավորություններ» խորագրով միջոցառմանը
հոկտեմբեր 01, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի կազմակերպած՝ «Ազատություն 250. ընդհանուր արժեքներ և հնարավորություններ» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին։
Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված բարեփոխումները և ներդրումների ներգրավման առաջնահերթ ոլորտները՝ միաժամանակ կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության զարգացումն ու երկկողմ գործարար կապերի ընդլայնումը։
Արամ Խաչատրյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման բաց դռների քաղաքականությանը՝ ընդգծելով ներդրողների համար հավասար պայմանների ապահովման և ներդրումների պաշտպանության կարևորությունը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև միջազգային ներդրողների համար Հայաստանում առկա հնարավորությունները՝ առանձնացնելով տեղական բիզնեսների հետ գործընկերության, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և ներդրումային համագործակցության այլ ձևաչափերը։
Միջոցառմանը ներկա են եղել այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և գործարար համայնքի ներկայացուցիչներ։