Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությունն Իտալիայում անցկացրել է մի շարք աշխատանքային հանդիպումներ

հուլիսի 23, 2026

Հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում հուլիսի 20-21-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի գլխավորած պատվիրակությունն Իտալիայում անցկացրել է մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Հանդիպումներին մասնակցել են Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հուլիսի 20-ին Վենետիկում պատվիրակությունը հանդիպել է ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության ղեկավարության հետ։ Քննարկվել են Հայաստան–Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։ Այնուհետև պատվիրակությանը ընդունել է Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը, որտեղ ընդգծվել է տնտեսական և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

Հուլիսի 21-ին Հռոմում կայացած հանդիպումների ընթացքում Իտալիայի գյուղատնտեսության նախարարության, Fruitimprese ասոցիացիայի և Իտալիայի առևտրի գործակալության (ITA) ներկայացուցիչների հետ քննարկվել են ագրոպարենային ոլորտում համագործակցության, հայկական արտադրանքի իտալական շուկա մուտքի, միջազգային ցուցահանդեսներում ներկայացվածության և հայ-իտալական գործարար կապերի զարգացման հարցերը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ քննարկված նախաձեռնությունները գործնական փուլ տեղափոխելու նպատակով։ 

Այցի շրջանակում հուլիսի 21-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում է կայացել նաև CIHEAM Bari-ի տնօրեն Բիաջո Դի Տերլիցիի գլխավորած պատվիրակության հետ։

Քննարկվել են Հայաստանում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, համատեղ ծրագրերի իրականացման և երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներկայության ձևավորման հնարավորությունները։