Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ

օգոստոսի 13, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում անցկացվող Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստի շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։

Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ, հատկապես՝ բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ջերմոցային տնտեսությունների, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։

«Հայաստանը շահագրգռված է իրանական շուկայում մրցունակ պտուղ-բանջարեղենի, վերամշակված արտադրանքի, չրերի և այլ պարենային արտադրանքի ներկայության ընդլայնմամբ, ինչպես նաև իրանական որակյալ արտադրանքի՝ հայկական շուկա մատակարարումների զարգացմամբ», - նշել է Գևորգ Պապոյանը։

Կլիմայական ժամանակակից մարտահրավերների համատեքստում նախարարը կարևորել է նաև ոռոգման արդյունավետ և ջրախնայող համակարգերի, գյուղատնտեսության թվայնացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ փորձի փոխանակումը։

Նախարար Պապոյանը նաև առաջարկել է դիտարկել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով։

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։