Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը Մանիլայում ներկայացրել է Հայաստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության առաջնահերթությունները

նոյեմբեր 16, 2026

Նոյեմբերի 4–5-ը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կայացած Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման ներուժի օգտագործումը՝ ներառական և կայուն աճի ապահովման համար» խորագրով միջազգային համաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանը։

Համաժողովը համախմբել էր տարբեր երկրների պետական կառույցների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների՝ քննարկելու տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, առևտրի դյուրացման, տրանսպորտային կապակցվածության և համաշխարհային արժեշղթաներում ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։

Համաժողովի բացման շրջանակում Ալբերտ Հայրապետյանը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ․ տարածաշրջանային կապակցվածության և կայուն բարեկեցության Հայաստանի տեսլականը» խորագրով ելույթով՝ ներկայացնելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության զարգացման Հայաստանի մոտեցումները։

Ելույթում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա բաղկացուցիչ մաս կազմող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին։ Ներկայացվել է դրանց նշանակությունը Հայաստանի տարածքով բազմամոդալ տրանսպորտային կապերի զարգացման, միջազգային առևտրային ուղիների բազմազանեցման և Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի իրացման տեսանկյունից։ Ընդգծվել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը պետք է հիմնված լինի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման սկզբունքների վրա։

Կարևորվել է նաև Ասիական զարգացման բանկի և միջազգային գործընկերների հնարավոր մասնակցությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման, առևտրի դյուրացման և տնտեսական կապակցվածության ամրապնդման նախաձեռնություններին։ Շեշտվել է, որ Հայաստանի համար տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը ոչ միայն տնտեսական զարգացման հնարավորություն է, այլև երկարատև խաղաղության ամրապնդման կարևոր գործոն։

Համաժողովի պանելային քննարկման ընթացքում Ալբերտ Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով արտադրության և արտահանման բազմազանեցմանը, տնտեսական բարդության բարձրացմանը և տարածաշրջանային ու համաշխարհային արժեշղթաներում հայկական ընկերությունների ներգրավվածության խորացմանը։

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև մասնագիտական քննարկումներ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ձևաչափերի և Հայաստանի հնարավոր ներգրավվածության հեռանկարների շուրջ։
Հայաստանի մասնակցությունը համաժողովին հնարավորություն է ընձեռել միջազգային գործընկերներին ներկայացնելու երկրի տնտեսական զարգացման առաջնահերթությունները և վերահաստատելու Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության, փոխկապակցվածության և համատեղ բարեկեցության ամրապնդմանը։