Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը հանդիպել են Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության տնօրենի հետ

հուլիսի 16, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Անուշիկ Ավետյանը հուլիսի 15-ին հանդիպել են Օմանի Սուլթանության «KV Group» ընկերության տնօրեն Աբդուլ Վահիդիի, փոխնախագահ Մուհամմադ Ալ Բալուշիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Օմանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։

Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև հայկական թարմ պտուղբանջարեղենի՝ Օմանի շուկա արտահանման հնարավորությունները։

Արման Խոջոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության արտահանման խթանման քաղաքականությունը՝ ընդգծելով Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի ինտենսիվ այգեգործության և ջերմատնային տնտեսությունների ներուժը։

«KV Group»-ի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել Հայաստանից թարմ պտուղբանջարեղենի ներմուծման հարցի վերաբերյալ։ Այցի շրջանակում նրանք կայցելեն Հայաստանի մի շարք այգեգործական և ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրանքին և արտահանման հնարավորություններին։