Հայտարարություն 63–72 տարեկան քաղաքացիների կրթական ծրագրին մասնակցության հայտերի ընդունում
նոյեմբեր 06, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ՀՀ կառավարության՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ի 1620-Լ որոշմամբ հաստատված «63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի» շրջանակում ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին․
Հայտերն ընդունվում են 2026 թվականի նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների ցանկը, դասընթացների անցկացման վայրերի, հստակ ժամկետների և մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկությունները հայտեր ներկայացրած անձանց կտրամադրվեն լրացուցիչ։
1. Ծրագրի նպատակը և աջակցությունը
Ծրագիրն աջակցում է տնտեսական գործունեություն սկսելուն, վերականգնելուն, ընդլայնելուն կամ շարունակելուն՝ ձեռնարկատիրական ուսուցման և գործարար ծրագրի իրականացման համար մինչև 2 մլն դրամի միանվագ ֆինանսական աջակցության միջոցով։
*Ծրագրով տրամադրվող աջակցությունը վարկային միջոցներ չեն, սակայն Ծրագրի կամ պայմանագրի պայմանները խախտելու դեպքում պահանջվելու է գումարի ամբողջական կամ մասնակի վերադարձ։
2. Ովքեր կարող են դիմել
Դիմել կարող են 63–72 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ գործող անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձանց հիմնադիրները կամ գործադիր մարմնի ղեկավարները, ինչպես նաև բիզնես նախաձեռնություն ունեցող անձինք։ Վերջիններս ֆինանսավորման համար ընտրվելու դեպքում մինչև աջակցության պայմանագրի կնքումը պետք է հաշվառվեն որպես անհատ ձեռնարկատեր կամ ձեռք բերեն Ծրագրով նախատեսված համապատասխան կարգավիճակ։
Կարևոր է իմանալ
Կրթական ծրագրին մասնակցության հայտին հարկային տեղեկանք կամ վարկային զեկույց կցել չի պահանջվում։ Սակայն ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջները՝
1. Գործող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց համար՝ հայտը ներկայացնելու օրվան նախորդող 365 օրվա ընթացքում նրանց նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չլինի։
2. Գործող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց համար՝ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չունենան հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։
3. Բոլոր դիմողների համար՝ անկախ գործող բիզնես ունենալու հանգամանքից՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ ֆինանսական աջակցության դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում ունեցած չլինեն հանրագումարային 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ։
Կիրառելի պահանջներին չհամապատասխանելու դեպքում ֆինանսական աջակցություն չի տրամադրվում՝ անկախ կրթական ծրագիրն ավարտելու և հավաստագիր ստանալու հանգամանքից։ Ուստի անհրաժեշտ է այս պայմանները հաշվի առնել նախքան կրթական ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելը։
3. Կրթական ծրագրի մասին
Ուսուցումը տևում է առնվազն 20 ակադեմիական ժամ և ընդգրկում բիզնես գաղափարի մշակում, գործարար ծրագրի պատրաստում, ֆինանսական պլանավորում, շուկայի ու հաճախորդների վերլուծություն, վաճառք և մարքեթինգ։ Մասնակիցը մշակում է իր գործարար ծրագիրը։ Առնվազն 60 % ավարտական արդյունքի դեպքում տրվում է հավաստագիր՝ 12 ամիս վավերականությամբ։
Հավաստագիր ստանալուց հետո ֆինանսական աջակցության համար անհրաժեշտ է առանձին դիմել Ծրագրին մասնակցող բանկին կամ վարկային կազմակերպությանը՝ ներկայացնելով գործարար ծրագիրն ու պահանջվող փաստաթղթերը։ Ֆինանսավորումը կախված է Ծրագրի պահանջներին համապատասխանությունից, գործարար ծրագրի դրական գնահատումից, առաջնահերթություններից, միասնական հերթականությունից և հասանելի միջոցներից։
Կարևոր է իմանալ՝ Կրթական ծրագրի հայտ ներկայացնելը, ուսուցման մեջ ընդգրկվելը կամ հավաստագիր ստանալն ինքնին բավարար հիմք չեն ֆինանսական աջակցություն ստանալու համար և չեն երաշխավորում ֆինանսավորումը։
4. Աջակցության օգտագործման հիմնական պայմանները
Աջակցության գումարը կարող է օգտագործվել հետևյալ նպատակային ուղղություններից մեկի կամ մի քանիսի շրջանակում՝
1) սարքավորումների, գործիքների, արտադրական հոսքագծերի, հաստոցների, տեխնիկայի և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ այլ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում,
2) հումքի, արտադրական նյութերի և այլ շրջանառու միջոցների ձեռքբերում,
3) գործունեության համար անհրաժեշտ տարածքի վարձակալություն, բարեկարգում, հարմարեցում և տեխնիկական ապահովում,
4) փաթեթավորման, բրենդավորման և մարքեթինգային նյութերի պատրաստում, վաճառքի խթանում,
5) թվային գործիքների և համակարգերի ներդրում՝ ներառյալ առցանց վաճառքի, հաշվառման և գործունեության կազմակերպման լուծումները,
6) գործող գործունեության շարունակականության, արդիականացման կամ զարգացման համար անհրաժեշտ՝ գործարար ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված այլ հիմնավորված ծախսեր,
7) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունների համար անհրաժեշտ սարքավորումների, գործիքների և տեխնիկական միջոցների ձեռքբերում,
8) կացության ծառայությունների համար անհրաժեշտ կահույքի, տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում,
9) սառնարանային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների, տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում,
10) ջերմատնային տնտեսության, այգեհիմնման, անասնապահության կամ գյուղմթերքի վերամշակման համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների, տեխնիկայի կամ այլ միջոցների ձեռքբերում,
11) սպորտային, մշակութային, ստեղծագործական, ժամանցային և հանդիսությունների կազմակերպման ոլորտներում գործունեության համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների, տեխնիկայի կամ այլ միջոցների ձեռքբերում։
5. Ինչպես են կատարվում վճարումները
Վճարումներն իրականացվում են անկանխիկ՝ անմիջապես մատակարարի, աշխատանք կատարողի կամ ծառայություն մատուցողի բանկային հաշվին։ Մինչև աջակցության պայմանագրի կնքումը կատարված ծախսերը չեն ֆինանսավորվում։
6. Ինչ նպատակով կարող է օգտագործվել գումարը
Աջակցության գումարը չի կարող օգտագործվել աշխատավարձերի վճարման, անշարժ գույքի և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վարկերի հիմնական գումարի կամ տոկոսների, տույժերի, տուգանքների, հարկային պարտավորությունների մարման կամ անձնական սպառման այլ ծախսերի համար։
7. Որքան ժամանակ պետք է իրականացնել գործունեությունը
Աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ՝ մեկ ֆինանսական կազմակերպության միջոցով։ Շահառուն պարտավոր է ապահովել գործունեության փաստացի իրականացումը՝ աջակցության ամբողջ գումարը հատուկ նպատակային հաշվին հաշվառելու օրվանից առնվազն 12 ամիս։ Այդ ընթացքում աջակցությամբ ձեռք բերված գույքը չի կարող օտարվել, վարձակալության հանձնվել, փոխանցվել երրորդ անձանց տիրապետմանը կամ օգտագործմանը կամ գրավադրվել։
8. Երբ պետք է ավարտել նախատեսված գործողությունները
Նախատեսված գործողությունները պետք է ավարտվեն գումարն ամբողջությամբ հատուկ նպատակային հաշվին հաշվառելու օրվանից 60 օրվա ընթացքում, իսկ Ծրագրով նախատեսված հիմնավորված դեպքերում և ֆինանսական կազմակերպության համաձայնությամբ՝ մինչև 120 օրում։
9. Երբ և ինչ հաշվետվություն պետք է ներկայացնել
12 ամիսը լրանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն ֆինանսական կազմակերպությանը ներկայացնում է վերջնական հաշվետվություն՝ Ծրագրի Ձև N 2-ին համապատասխան։ Միջոցների ոչ նպատակային օգտագործման, կեղծ տվյալների ներկայացման կամ պարտավորությունների խախտման դեպքում աջակցությունը ենթակա է ամբողջական կամ մասնակի վերադարձման՝ Ծրագրով սահմանված կարգով։
12. Ծրագրիշրջանակում Առաջնահերթությունները
Հերթականությամբ առաջնահերթություն է տրվում՝
1) սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներին,
2) լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիներին,
3) նախորդ խմբերում չընդգրկված գյուղական համայնքների քաղաքացիներին,
4) քաղաքային համայնքների և նախորդ խմբերում չընդգրկված այլ քաղաքացիներին։
Միևնույն խմբում նախապատվությունը տրվում է կրթական հայտի ներկայացման օրվա դրությամբ վարձու աշխատող չհանդիսացող դիմողներին, իսկ հավասար պայմաններում՝ դիմումն ավելի վաղ ամբողջական ներկայացրած անձանց։
13. Հայտի ներկայացման կարգը
Հայտերն ընդունվում են 2026 թվականի [լրացնել ամիսը] 9-ից մինչև 15-ը ներառյալ։
Ստորև տեղադրված Ձև N 1-ին համապատասխան լրացված և ստորագրված հայտը՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենի հետ միասին, անհրաժեշտ է ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության քարտուղարության էլեկտրոնային հասցեին՝ secretariat@mineconomy.am
14. Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել՝
1) լրացված և ստորագրված Ձև N 1-ը,
2) լրացված և ստորագրված Ձև N 2-ը,
3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը։
15. Դասընթացների կազմակերպումը և հետադարձ կապը
2026 թվականին ստացված հայտերի հիման վրա ձևավորվելու է Ծրագրի պահանջներին համապատասխանող մասնակիցների անվանացանկը։
Դասընթացները կմեկնարկեն 2027 թվականի հունվարից։
Կրթական կազմակերպությունների ցանկը, դասընթացների վայրերը, հստակ ժամկետները և մասնակցության պայմանները լրացուցիչ կտրամադրվեն հայտ ներկայացրած անձանց։
2027 թվականին շարունակվելու են բացառապես 2026 թվականին ներկայացված հայտերով մեկնարկած գործընթացները։ Կրթական ծրագրի նոր հայտեր չեն ընդունվելու, և նոր մասնակիցներ չեն ներգրավվելու։
Լրացուցիչ տեղեկություններ՝ Ձեռներեցության վարչություն՝ ☎ 011 597-118, 011 597-122