Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր CAFSEP ծրագրի շրջանակում

հունիսի 22, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի շրջանակում հունիսի 18-19-ին աշխատանքային այցեր են իրականացվել ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր, որտեղ ծրագրի շահառու տնային տնտեսություններին նախատեսվում է տրամադրել օժանդակության փաթեթներ, այդ թվում՝ տնկիներ։

Այցերին մասնակցել են ԱԶԲ առաքելության ներկայացուցիչները, Ծրագրի իրականացման թիմը, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններ իրականացնող «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ՍՊԸ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ-ի կոնսորցիումի ներկայացուցիչները։

Իրականացվել են այցեր մարզերի գյուղատնտեսական լոգիստիկ հանգույցների հնարավոր տեղանքներ՝ դրանց համապատասխանությունը Ծրագրի նպատակներին նախնական գնահատելու նպատակով։

Ուսումնասիրվել են դրանց հասանելիությունը, ենթակառուցվածքային պայմանները, գյուղատնտեսական արժեշղթաների և շուկաների հետ կապը, ինչպես նաև նախնական դիտարկվել են բնապահպանական և սոցիալական գործոնները։

Ծրագրի ակնկալվող արդյունքներից են գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման խթանումը, հետբերքահավաքային կորուստների նվազեցումը, շուկաների հասանելիության բարելավումը, ինչպես նաև համայնքների կլիմայական և տնտեսական դիմակայունության ամրապնդումը։