Մեկնարկում է փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտերի ընդունման հերթական փուլը
նոյեմբեր 25, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի հետ համատեղ հայտարարում է փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակի անդամակցության հայտերի ընդունման հերթական փուլը։
Ի՞նչ է ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակը։
ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության հարթակը ստեղծվել է վարչապետի որոշմամբ 2011 թվականին, գործում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ՝ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև և ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը։
Հարթակը գործում է ենթախորհրդի ամենամսյա նիստերի միջոցով՝ էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ, և խորհրդի եռամսյակային նիստերի միջոցով՝ փոխվարչապետի ղեկավարությամբ։
Հարթակի մասնավոր հատվածը ներկայացնող անդամները, Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի հետ միասին, հայտնաբերում են Հայաստանում ՓՄՁ-ների անխափան գործունեությանը խոչընդոտող օրենսդրական բացերը և սերտորեն համագործակցում են համապատասխան նախարարությունների հետ՝ մշակելու բարեփոխումների փաթեթներ՝ ուղղված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը։
էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ենթախորհրդի նիստերն ապահովում են բացահայտված հարցերի և առաջարկությունների նախնական քննարկումը։ Զտված օրենսդրական խոչընդոտները հաջորդիվ քննարկվում են փոխվարչապետի գլխավորությամբ խորհրդի նիստերի ժամանակ։
Ի՞նչ է ենթադրում ՓՄՁ զարգացման պետություն-մասնավոր երկխոսության անդամ լինելը։
Հարթակի մասնավոր հատվածը ներկայացնող անդամներ կարող են լինել հասարակական կազմակերպություններ, առևտրաարդյունաբերական պալատներ, հիմնադրամներ, որոնք ունեն ՓՄՁ-ներին ներկայացնող անդամներ և/կամ աշխատում են ՓՄՁ-ների հետ՝ քաջատեղյակ լինելով դրանց օրենսդրական բնույթի խնդիրներին։ Որպես հարթակի անդամ կազմակերպությունը պետք է իրականացնի իր անդամներից խնդիրների հավաքագրում և ներկայացնի դրանք նիստերին, միաժամանակ պետք է տեղեկացնի իր անդամներին հարթակի գործունեության արդյունքների մասին և պարբերաբար հանդիպումներ կազմակերպի իր անդամների և Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի հետ։ Մասնավոր հատվածը ներկայացնող անդամը պարտավոր է մասնակցել ամենամսյա ենթախորհրդի նիստերին և եռամսյակային խորհրդի նիստերին՝ փոխվարչապետի գլխավորությամբ։
Ո՞րն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի դերը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմի դերն է հավաքագրել մասնավոր հատվածը ներկայացնող անդամների խնդիրները, վերլուծել դրանք, մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթները և ներկայացնել դրանք նիստերին՝ հավանություն ստանալու համար։
Հաջողված բարեփոխումներ ՓՄՁ երկխոսության հարթակի միջոցով
2025–2026 թվականների ընթացքում ՓՄՁ երկխոսության հարթակի շրջանակում քննարկվել է 40 հարց, անցկացվել են խորհրդի 6 նիստ՝ փոխվարչապետի գլխավորությամբ, և ենթախորհրդի 13 նիստ՝ էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ։ ՓՄՁ զարգացման խորհրդի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ներդրումային խորհրդի (IC Armenia) և պետական այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունքում 2025–2026 թվականներին շարունակվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացումը։
Ընդունված կարևոր բարեփոխումների թվում են միջազգային սերտիֆիկացման ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը, կրթական հաստատություններին բիզնեսի կողմից կատարվող նվիրատվությունների հարկային արտոնությունների ընդլայնումը, փոխարկելի պարտքի (Convertible Note) և SAFE պայմանագրերի կարգավորումները, ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի հնարավորությունների ընդլայնումը, դրոշմավորման ծածկագրերի արժեքի նվազեցումը, ապրանքների վերադարձի և հարկային փաստաթղթերի ճշգրտման ընթացակարգերի պարզեցումը, անհուսալի դեբիտորական պարտքերի կարգավորումների բարելավումը և այլն։ Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։
Ովքե՞ր կարող են դիմել։
Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացիաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների ներկայացուցիչներ։
Դիմելու կարգը՝
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացնել հայտադիմումը։ Լրացված դիմումի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը [email protected] էլ. փոստի հասցեին՝
⮚ Կազմակերպության կանոնադրության պատճեն
⮚ Պետական գրանցման վկայականի պատճեն
⮚ Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով առաջարկվող թեկնածուի/թեկնածուների ինքնակենսագրականը (CV)
Խորհրդի կազմում ընդգրկվելու համար դիմած թեկնածուներին ընտրում և փոխվարչապետի հաստատմանն է ներկայացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Դիմելու վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 9-ն է։