Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Ճապոնիայի կառավարության ու ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթղթի ստորագրում նախարարի տեղակալ Արման Խոջոյանի մասնացությամբ

փետրվարի 19, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Ճապոնիայի կառավարության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթղթի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի դեսպան ՆԳ Յուտակա Աոկին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Նաթիա Նացվլիշվիլին։ Ծրագրի բյուջեն կազմում է 5.2 մլն ԱՄՆ դոլար։

«Այս նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտում սահմանած ռազմավարական առաջնահերթություններին։ Ինտենսիվ գյուղատնտեսության խթանման, ջերմատնային տնտեսությունների հիմնման, վերամշակման և շուկայավարման կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացի ապահովման միջոցով ծրագիրը կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը», - նշել է Արման Խոջոյանը։

Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների գյուղատնտեսական կենսաապահովումը։ Եռամյա այս ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից, ուղղված է պարենային համակարգերի դիմակայունության բարձրացմանը և խոցելի խմբերի՝ այդ թվում տեղահանվածների համար կայուն գյուղատնտեսության սկզբունքների կիրառմանն ու ընդլայնմանը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։