Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Կայացել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական միջանկյալ խորհրդակցություն

նոյեմբեր 16, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 16-ին նախարար Գևորգ Պապոյանի և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի մասնակցությամբ կայացել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական միջանկյալ խորհրդակցություն։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ նման խորհրդակցությունները լավ հարթակ են՝ ամրապնդելու երկու երկրների միջև ձևավորված գործընկերությունը և նախանշելու փոխգործակցության նոր ուղղություններ։

«Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները, որոնք տարիների ընթացքում վերածվել են ամուր և բազմոլորտ գործընկերության՝ ընդգրկելով տնտեսական զարգացումը, ներդրումները, մասնավոր հատվածի աջակցությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները, կրթությունը և ինստիտուցիոնալ բարեփոխումները», - նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն իր խոսքում կարևորել է նաև GIZ-ի և KfW զարգացման բանկի հետ ձևավորված ամուր համագործակցությունը։

Երկկողմ համագործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունների շարքում նախարարն առանձնացրել է մասնավոր հատվածի զարգացումը, արտահանման դիվերսիֆիկացումը, մասնագիտական կրթությունը, թվային փոխակերպումը և կանաչ տնտեսության զարգացումը։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գասպարյանը, խորհրդակցությունը շարունակվել է ընդլայնված կազմով։