Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Գործարար միջավայր

Գործարար միջավայրի բարելավում

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը, և դրան հասնելու համար Կառավարությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ձեռնարկատիրական գործունեության պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր, հավասար մրցակցային պայմաններ, գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ, ինչպես նաև իրականացնել հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականություն:

Այս ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու նպատակով Կառավարության կողմից ընդունվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 12 ծրագիր (ՀՀ կառավարության 2008թ. թիվ 775, 2010թ. թիվ 97-Ն, 2010թ. թիվ 1768, 2011թ. թիվ 1930-Ն, 2013թ. թիվ 240-Ա, 2014թ. թիվ 258-Ա, 2015թ. թիվ 265-Ն, 2016 թ N 110-Ա, 2017թ N 24, 2018թ․N 477-Ա, 2019թ․ թիվ  560-Լ և 2020թ․ թիվ 246-Լ որոշումները):

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ «ԲԻԶՆԵՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ (BUSINESS READY)» ԶԵԿՈՒՅՑ

Համաշխարհային բանկի Business Ready (B-READY) վարկանիշային զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի վրա` հնարավորություն տալով իրականացնել միջերկրային համեմատություններ ներկայումս 101 երկրների միջև:

Հայաստանը B-READY 2025-ում

Համաշխարհային բանկի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 29-ին հրապարակված B-READY 2025 վարկանիշային զեկույցի համաձայն՝ Հայաստանը գրանցել է միջինից բարձր արդյունքներ՝ ընդգրկվելով Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի առավել կայուն գործարար միջավայր ունեցող երկրների խմբում։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ստացել է 66․7 միավոր, ինչը 6․6 միավորով գերազանցում է գնահատված 101 երկրների միջինացված ցուցանիշը (60.1 միավոր)։ Այս արդյունքը հաստատում է Հայաստանի դիրքը որպես դինամիկ զարգացող տնտեսություն՝ միջինից բարձր բիզնես միջավայրով։

Հայաստանը լավագույն արդյունք է գրանցել «Բիզնեսի սկիզբ» ոլորտում՝ ստանալով 96 միավոր, ինչը երկրին ապահովել է առաջատար դիրք 101 երկրների շարքում։

Բարձր արդյունքներ են արձանագրվել նաև հետևյալ ոլորտներում՝

Ֆինանսական ծառայություններ – 85.04 միավոր

Կոմունալ ծառայություններ – 72.52 միավոր

Բիզնեսի գտնվելու վայր – 68.49 միավոր

Հարկում – 67.50 միավոր

Աշխատուժ – 67.0 միավոր

Այս ոլորտներում Հայաստանը գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշները՝ դիրքավորվելով բարձր գնահատվող երկրների շարքում։

Չնայած դրական գնահատականների ընդհանուր գերակշռությանը՝ Զեկույցը մատնանշում է հետևյալ ոլորտներում հետագա բարելավման ներուժը`

Շուկայի մրցակցություն - 58․21 միավոր

Վեճերի լուծում - 57․96 միավոր

Միջազգային առևտուր - 55․26 միավոր

Բիզնեսի անվճարունակություն - 39․17 միավոր

Ներքին առևտուր և մրցակցություն

Ներքին առևտրի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունն ուղղված է արդար և մրցակցային գործարար միջավայրի ձևավորմանը, առևտրի և ծառայությունների ոլորտների զարգացմանը, ինչպես նաև սպառողների իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Այս ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է քաղաքականություններ և օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նպաստում են ապրանքների և ծառայությունների ազատ շրջանառությանը, տնտեսավարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ապահովմանը և սպառողների նկատմամբ պատասխանատու գործարար վարքագծի ձևավորմանը։
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում նախարարության կողմից իրականացվում են ներքին առևտրի և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական բարեփոխումներ՝ ուղղված ազգային օրենսդրության եվրոպական չափանիշներին համապատասխանեցմանը։
2025 թվականին ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որի արդյունքում ստեղծվել է սպառողների իրավունքների պաշտպանության կենտրոնական և կոնտակտային մարմինը, ներդրվել է «Սպառողի օգնական» (e-Compete) թվային հարթակը, սահմանվել են սպառողների նկատմամբ անարդար առևտրային գործելակերպի արգելքները և ապրանքների միավոր գնի ներկայացման միասնական կանոնները։
2026 թվականին ընդունվել են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցով ամրապնդվել են սպառողների իրավունքների պաշտպանության երաշխիքները, կարգավորվել են հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերը, սահմանվել են մոլորեցնող և համեմատական գովազդի կանոնները, ինչպես նաև հստակեցվել են թվային տարրերով ապրանքների և թվային ծառայությունների նկատմամբ կիրառվող պահանջներն ու սպառողների իրավական պաշտպանության միջոցները։
Էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է իրականացնել ոլորտի բարեփոխումները՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից, թափանցիկ և սպառողակենտրոն ներքին առևտրի համակարգ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։